
Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Գորիս քաղաքում։
2004 թվականին ավարտել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը։
2005 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի նախապատրաստական կուրս։
2006–2009 թվականներին սովորել և ավարտել է նույն ինստիտուտի դերասանական արվեստ մասնագիտությունը՝ ուսանելով Ալֆրեդ Հակոբյանի և Սիրանույշ Ղուկասյանի արվեստանոցներում։
2005 թվականից ներգրավված է եղել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումներում։ 2008 թվականին ընդունվել է աշխատանքի նույն թատրոնում՝ որպես դերասան և մինչ օրս շարունակում է մասնագիտական գործունեությունը։ Ունի դերասանի առաջին կարգի որակավորում։
Թատրոնում աշխատած տարիների ընթացքում կերտել է ավելի քան 80 կերպար՝ հանդես գալով ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերերով։ Ներգրավված է եղել համայնքային և մարզային մշակութային միջոցառումներում՝ որպես դերասան, կազմակերպիչ և հաղորդավար։
2021 թվականից դասավանդում է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի թատերական ստուդիայում՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին։
Ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք ֆիլմերի նկարահանման կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև հանդես եկել դերերով այդ ֆիլմերից մի քանիսում։
Իր բազմամյա և արդյունավետ գործունեության համար արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի, որոնցից առանձնահատուկ են Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության կողմից տրված պատվոգիրը, մարզպետի շնորհակալագիրը, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարության կողմից տրված գնահատանքներն ու շնորհակալագրերը։
Նրա բազմամյա և հետևողական գործունեությունը նշանակալի ներդրում է ունեցել Գորիս համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում՝ նպաստելով թատերական արվեստի կայացմանն ու հանրահռչակմանը տարածաշրջանում։
