Գորիսի դրամատիկական թատրոնի մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

<<Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը>> ՊՈԱԿ


Հայկական թատերական կյանքի կարևորագույն մշակութային օջախներից մեկն է, որի արմատները հասնում են հին Գորիսի ժայռափոր թատրոնի բեմին։ Գորիսը դարեր շարունակ եղել է կենդանի թատերարվեստի կենտրոն․ այստեղ ձևավորվել են սիրողական խմբեր, ներկայացումներ են տրվել դեռևս 19-րդ դարի վերջերից, իսկ 1936 թ․ պաշտոնապես բացվել է քաղաքի դրամատիկական թատրոնը՝ հիմնվելով բազմաթիվ տաղանդավոր դերասանների և ռեժիսորների աշխատանքով։

Թատրոնը իր պատմության ընթացքում եղել է մարտահրավերների ու հաղթանակների ասպարեզ։ 1938 թ․ ունենալով պետական կարգավիճակ՝ թատրոնը դարձավ Հարավային Հայաստանի գլխավոր բեմական կենտրոնը՝ հանդիսատեսին ներկայացնելով այնպիսի գործեր, ինչպիսիք են “Պատվի համար”, “Պեպո”, “Քաջ Նազար”, “Սոս և Վարդիթեր” և այլ դրամատիկական ու կոմեդիական բեմադրություններ։ 1944 թ․ թատրոնը պատվով կրեց հայ մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի անունը՝ արժանանալով նրա արվեստի շարունակողի բարձր կոչմանը։

Հետպատերազմյան և խորհրդային տարիներին թատրոնը ձևավորեց իր պրոֆեսիոնալ դպրոցը՝ բեմ բարձրացնելով ազգային, պատմական և ժամանակակից ստեղծագործություններ, մասնակցելով տասնյակ շրջանային և հանրապետական փառատոների, և ունենալով մեծ ճանաչում ինչպես մարզում, այնպես էլ մայրաքաղաքում։ Գորիսի բեմում հանդես են եկել հայ թատրոնի լեգենդներ՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան և այլ մեծանուն դերերասաններ։

2005 թ․ թատրոնը մտավ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո՝ ձեռք բերելով նոր զարգացման հանգրվան։ Վերջին տասնամյակներում թատրոնը շարունակաբար բեմադրում է ժամանակակից, մանկական, դասական և փորձարարական ստեղծագործություններ՝ համագործակցելով Հայաստանի և արտերկրի արվեստագետների հետ։

Այսօր Գորիսի թատրոնը հանդիսանում է մարզի գլխավոր մշակութային կենտրոնը՝ յուրաքանչյուր տարի ներկայացնելով նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր, թատերական շաբաթներ, փառատոնային մասնակցություններ և հյուրախաղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 2023–2025 թթ․ թատրոնը հանդես է եկել Թբիլիսիում, Գավառում, Գյումրիում, Կապանում, Քաջարանում, ինչպես նաև պատրաստվում է հյուրախաղերի Ֆրանսիայում և Իրանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վ․Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը 2025 թվականի մայիսի 1-7-ը Ակսել Բակունցի <<Միրհավ>> ներկայացմամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է <<Նավրուզ>> մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին։

2025 թ-ից թատրոնի գլխավոր ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, ում ղեկավարությամբ մեկնարկել է նոր ստեղծագործական փուլ՝ սկսելով <<Աբու-Լալա Մահարի>> բեմադրությամբ՝ ըստ Ավետիք Իսահակյանի պոեմի։

Մեր առաքելությունը

Թատրոնի առաքելությունն է իր գործունեությամբ նպաստել հայկական մշակութային ազգային արժեքների պահպանությանը, տարածմանը, նոր և ավագ սերնդի շրջանում թատերական մշակույթի ճանաչողությանը: Ունենալով  կոլորիտային ինքնատիպ ու եզակի դիմագիծ՝մեր գերակա նպատակն է  մարզային թատրոնը բարձրացնել ազգային և միջազգային ճանաչման, ընդլայնել թատերարվեստի գեղարվեստական ընկալման շրջանակը և դառնալ մշակութային կենտրոն.Սյունիքի ներսում համախմբել բեմարվեստի հարակից ուղղությունները:    

Թատրոնի   տեսլականը

Թատերարվետում ձևավորած մշակութային ժառանգության պահպանում, ստեղծում, մատուցում, տարածում, արդիական և գրավիչ եղանակներով դրանց հասանելիության ապահովում, կրթամշակութային ծառայությունների  միջոցով  յուրաքանչյուրի մշակութային կյանքին մասնակցելու և ներգրավվելու իրավունքի իրացում։